ՄԵՆՔ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆ ԿԵՐՊԱՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆՔ. ԴԱՎԻԹ ԻՇԽԱՆՅԱՆ
Փետրվարի 16-ին ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը կդառնար 54 տարեկան: Արթուր Մկրտչյանն ընդամենը 32 տարեկան էր, երբ ընտրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ, եւ 33 տարեկան, երբ քունքին արձակված կրակոցը վերջ դրեց այդ կարճ, բայց պայծառ կյանքին, որն անջնջելի հետք է թողել Արցախյան շարժման պատմության մեջ: ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը երկրորդ հայկական պետությունը ղեկավարել է ընդամենը 97 օր, սակայն նրա անձը, կյանքի ուղին եւ ճակատագիրն այնպիսի անջնջելի հետք թողեցին հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ, որ անգամ պաշտոնավարած լինելով երեք ամսից քիչ ժամանակահատվածում, նրա անունն առհավետ բուն դրեց ժողովրդի հիշողության մեջ: Իսկ ճակատագրի ողբերգականությունը դարձավ այս բոլոր տարիների ընթացքում ամենաբարդ, թերեւս, ամենածանր ժամանակաշրջանի ողբերգականության խորհրդանիշը:
Քաղաքականության մեջ նրա անփորձությունն ու անվարժությունը, որտեղ նա հայտնվել էր ճակատագրի բերմամբ, լիաչափ կերպով փոխհատուցվում էին նրա բնատուր խելքով, բացարձակ օրինավորությամբ եւ Շարժման նպատակներին ու գաղափարներին հավատարմությամբ. այդ մասին փաստում են այն մարդիկ, ովքեր երբեւէ առիթ են ունեցել շփվելու Արթուր Մկրտչյանի հետ կամ գոնե փոքր ինչ ծանոթ են նրա գործունեությանը:
Ինչպես ամեն տարի, այս տարի եւս Արթուր Մկրտչյանի ծննդյան օրը բազմաթիվ մարդիկ էին նրա գերեզման-հուշաքարի մոտ: ԼՂՀ ԱԺ նախագահը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Գ. Պետրոսյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դ. Իշխանյանը, ՀՅԴ <> քաղաքային կոմիտեության անդամներ, պետական պաշտոնյաներ, պատգամավորներ եւ հարազատներ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Ա. Մկրտչյանի շիրիմին:
Ամեն տարի` այն երիտասարդները, ովքեր ՀՅԴ կուսակցության շարքերն են համալրում, երդվում են Արթուր Մկրտչյանի շիրիմին:
Արցախյան Շարժումն սկսվելուց Արթուր Մկրտչյանը դարձավ նրա ակտիվ մասնակիցը` 9 հոգու թվում ստորագրելով առաջին նամակը Գորբաչովին: Այն ժամանակներում չափազանց համարձակ այդ քայլը Արթուրի համար եղել է գիտակցված արարք, քայլ դեպի սեփական անձի եւ սկսվող հեղափոխական գործընթացներում սեփական դերի իմաստավորում: 1988թ. փետրվարի 12-ի Հադրութի հանրահավաքից մինչեւ նախագահ ընտրվելը, Արթուր Մկրտչյանի ուղին եղել է սրընթաց: 1992թ. հունվարին նորածին հանրապետության գլուխ կանգնեց մի երիտասարդ, ով մարմնավորում էր ազգային-ազատագրական շարժման ոգին` 1988-1990 թվականների` նրա լավագույն, վեհ ու լուսավոր դրսեւորումներով:
Գոհար Մկրտչյանը գտնում էր նաեւ, որ Արթուր Մկրտչյանի եւ նրա ընկերների սկսած Շարժումը դեռ ավարտված չէ: