Զգո՜յշ խօսիր Հայաստանում,
Այստեղ ամեն գագաթ ու ձոր,
Արձագա´նք է տալիս հզոր,
Եւ քո Խոսքը հեռու տանում…
Թէ բարի են խոսքերը քո,
Հայոց լեռներն ակնածանքով
Կխոնարհուեն քո դէմ լռին
Բաշը քսած քո ձեռքերին:
Իսկ թե չար են՝ լեռները մեր,
Հրաբխի բներն անմեռ,
Որ լռե´լ են, բայց չե՜ն հանգել,
Քեզ լավայո՜վ կարձագանքեն,
Որ լեռնե´ր է քշում տանում…
Զգո՜յշ խօսիր Հայաստանում:
Զգո՜յշ խօսիր Հայաստանում,
Նե՜ղ են ճամբեքը լեռնական,
Երկու հոգու տեղ չեն անում,
Թէ դեմ-դիմաց ելնեն հանկարծ,
Թէ բարեկամ ես ու ընկեր,
Ա՜նց կը կենաք իրար գրկած,
Թէ դաւով ես այստեղ ընկել,
Կգլորուես ժայռերից ցած,
Ո՞վ եղավ քո գալու վկան,
Գնալդ ո՞վ է իմանում…
Նե՜ղ են ճամփեքը լեռնական,
Զգո՜յշ քայլիր Հայաստանում,
Զգո՜յշ գործիր Հայաստանում.
Մենք գահ ու թագ չ´ենք ունեցել,Եւ…
արքա´ է ամեն մի հայ.
Զօրք ու բանակ չենք ունեցել,Եւ…
սպայ է ամեն մի հայ։
Ամեն մի հայ լեռան մի ծերպ,
Ամեն մի հայ ուրոյն մի կերպ,
Ամեն մի հայ մի Հայաստան,
Բաժան-բաժան,Անմիաբան,
Զատվա՜ծ, հատվա՜ծ,Եւ սակայն մի´,
Երբ սպառնում է թշնամին,
Մեր դարաւոր անմահ երթին,
Եւ այս ժայռին թառած բերդին,
Որ Հայրենիք ենք անուանում…
Զգո՜յշ գործիր Հայաստանում։
ImArmenian.Com Team & Ազգային եւ Յեղափոխական երգարան