«Մաղթում ենք Ձեզ հաճելի այց: Տվյալ գոտում ռոումինգի սակագներն են: Մուտքային զանգ-25 դրամ րոպե, ելքային զանգ- Հայաստան 140 դրամ րոպե…»:
Վիվասել-ՄՏՍ բջջային օպերատորի բաժանորդը, ստանալով այս նամակը, բնականաբար իրավունք ունի կարծելու, որ ինքը նամակն ստանալու պահին այլեւս Հայաստանում չէ:
Նամակը տեղին է եւ նորմալ, եթե բաժանորդն այն ստանում է Հայաստանը լքելուց հետո: Սակայն ես, Վիվասել-ՄՏՍ-ի բաժանորդս, նշված նամակն ստացա դեպի Արցախ այցելության ժամանակ:
Փաստորեն, հարգելի Վիվասել-ՄՏՍ, ըստ Ձեզ, Արցախը Հայաստան չէ: Այն, որ Արցախը պատմականորեն Հայաստանի մաս է, բազմիցս քննարկվել եւ ապացուցվել է: Պատմական իրողություններին այստեղ չեմ անդրադառնա:
Ես ծնունդով Վանաձորից եմ, եւ իմ քաղաքում ճանաչում եմ ընտանիքներ, որոնց զավակները մասնակցել են արցախյան հերոսամարտին ու արցախյան հողերի ազատագրմանը, մասնակցել են, վիրավորվել, զոհվել: Վանաձորցի իմ եղբայրը մեկուկես տարի բավականին ծանր պայմաններում եւ անտրտունջ ծառայել է Մեխակավան քաղաքում, որը, ըստ Ձեր տրամաբանության, Հայաստան չէ:
Ես պատրաստվում եմ բնակություն հաստատել Քարվաճառում, որը, կրկին ըստ Ձեր հաղորդագրության, Հայաստան չէ:
Հարգելի Վիվասել-ՄՏՍ, ես շատ լավ գիտեմ, որ այսօր ՀՀ պետական վերին ատյանները եւս Արցախը Հայաստանից անջատ են հռչակում: Սակայն կարծում եմ, որ պետական վերնախավի կատարած սխալն արդարացում չի մյուսների համար:
Ես Վիվասել-ՄՏՍ անդավաճան բաժանորդ եմ արդեն յոթ տարուց ավելի եւ չեմ ցանկանում ամեն անգամ Արցախ այցելելիս ստանալ մի նամակ, որը կարդալուց հետո ցանկանում եմ նամակագրին խիստ բարկացած պատասխանել. Արցախը Հայաստան է, Արցախը Հայաստան է ու վերջ, հասկանու՞մ եք:
Ուստի առաջարկում եմ «Հայաստանի առաջատար բջջային օպերատոր»-ին վերացնել ռոումինգը Արցախի տարածքում՝ այդպիսով նաեւ նպաստելով Արցախի՝ մայր Հայաստանին ինտեգրվելու կարեւորագույն գործընթացին:
Թամարա Գրիգորյան
Source: http://mshakuyt.blogspot.fr