Հայրենադարձութեան կոչ – Դէպի երկիր

Արդէն քսանհինգ տարի է որ անկախ պետութիւն ունինք  , քսաներկու տարիէ ի վեր ազատագրուած Արցախ ունինք : Միասնաբար երկու հայկական հանրապետութիւնները կը կազմեն մօտ 40,000 ՔՔՄ , ուր միմիայն մօտ 2-3 միլիոն մարդ կը բնակի:

Ընկերային եւ տնտեսական վատ պայմաններուն պատճառաւ Հայաստանի մէջ արտագաղթը մագլցողական աճ կ՛արձանագրէ տարուէ տարի  , իսկ հայութեան աւանդական գաղութները կը նօսրանան միջին եւ մերձաւոր արեւելքի թոհուբոհային համապատկերով  , ու դէպի արեւմուտք գաղթի հոսքը սփիւռքին դիմագիծը կը փոխէ :

Ընթացիկ իրավիճակը եթէ նոյն թափով շարունակուի յառաջիկայ տարիներուն , ապա հայրենիքը ա՛լ աւելի պիտի աղքատանայ , պիտի հայաթափուի , օրինական աւազակապետերու ճիրաններուն մէջ աւելիով պիտի տուայտի , եւ ,Աստուած չընէ, երբեմնի ռուս դիւանագէտ Լոբանով-Ռոստովսկիի «Հայաստանն առանց հայերու» նախագիծը պիտի իրականանայ :

Միւս կողմէն , ի՞նչ իմաստ ունի մինչեւ վերջ պարծենալը հզօր սփիւռքով , երբ սփիւռքը ի բնէ լուծուող էութիւն մըն է : Վերջ ի վերջոյ սփիւռքը դատաւարտուած է ձուլուելու : Ասիկա գիւտ մը չէ , այլ պատմութենէն եւ գիտութենէն վկայուած իրականութիւն է :

Ամերիկայի Միացեալ Նահանգներու , Քանատայի , Ֆրանսայի , Աւստրալիո յ մէջ հայապահպանումն է մարտահրաւէրը : Այդ տեղերը հայկական եկեղեցի , դպրոց եւ ակումբ յաճախելով մարդիկ կը պահեն իրենց հայութիւնը : Բայց մինչեւ ե՞րբ : Օտար լեզուներու ազդեցութեամբ , կէս-կատար հայերէն խօսելով այսօրուան հայ երիտասարդները ի՞նչպէս հայաշունչ պիտի պահեն իրենց յաջորդները :

Առ այդ , հայ ժողովուրդը պէտք է ճակատագրական քայլի դիմէ իր էութիւնն ու գոյութիւնը երաշխաւորելու համար :

Ռազմավարական լաւագոյն միջոցը հայրենադարձութիւնն է :

Դէպի երկիր :

Կոչ կ՛ուղղենք բոլոր մեծահարուստ հայերուն , կուսակցութիւններուն , բոլոր ազգանուէր առաջնորդներուն՝ գլխաւորութեամբ Արամ Ա. Կաթողիկոսին , եւ բոլոր անոնց , որոնք շահագրգռուած են հայութեան անվտանգութեամբ , որ ստեղծուի հայրենադարձութեամբ զբաղող հիմնադրամ մը :

Հայրենադարձութիւնը անհրաժեշտութիւն կը նկատենք :

Աշխարհի չորս կողմէն հայեր պէտք է հաստատուին Հայաստան ու Արցախ :

Մեծահարուստ հայեր պէտք է ամէն գնով ներդրումներ ընեն Հայաստանի եւ Արցախի մէջ :

Եթէ սփիւռքի ղեկավար մարմինները երաշխաւոր կանգնին հայրենադարձութեան , ապա սփիւռքին դրամները կորզող իշխանաւորները առաջուան պէս չեն կրնար կամայական եւ սանձարձակ ըլլալ : Մէյմը որ սփիւռքը՝ քաղաքական հովանաւորութեամբ , հսկայ մարդուժով, նիւթական ուժով եւ կազմակերպուածութեամբ Հայրենիք մտնէ , ա՛լ Հայրենիքի մէջ իրերու դրուածքը պիտի փոխուի : Այն ատեն է որ սփիւռքը կը դադրի կթան կով ըլլալէ , հիւր ըլլալէ մեր հայրենիքէն ներս :

Հայրենիքի մէջ գործարաններ պիտի բացուին , տնտեսութիւնը պիտի զարգանայ , Գիւմրին պիտի շէննայ , Արցախի բնակչութիւնը պիտի աճի , սահմանային գիւղերը պարապ պիտի չմնան , հայոց բանակը աւելիով պիտի հզօրանայ :

Արեւելահայերէնին կողքին՝ կորսուելու սպառնալիք դիմագրաւող արեւմտահայերէնը պետական լեզու պիտի դառնայ :

Այս երազանքը ազատ , անկախ ու միացեալ Հայաստանի նախագաղափարը պիտի ըլլայ :

Ուրեմն՝ ժամը հասաւ , որ հայրենադարձութիւնը համազգային ռազմավարութիւն դառնայ :

Դէպի երկիր :

2016 – ԲԱԶԷ

ԴԷՊԻ-ԵՐԿԻՐ

Comments

comments