20-րդ դարի ամերիկացի նշանավոր գրող Էփթոն Սինկլերը մի անգամ ասել է. «Դժվար է ինչ-որ մեկին ստիպել ինչ-որ բան հասկանալ, եթե նրա աշխատավարձը կախված է այն չհասկանալուց»։
Հենց այս արտահայտությունը հիշեցրեց ինձ օրերս պարոն Պրեսկոտի պահվածքը Հայաստանում։
Ամեն ինչ կարելի է հասկանալ՝ ե՜ւ նրա ջղային պոռթկումը, ե՜ւ հոգնածությունը մեր կոպիտ երկրից, ե՜ւ սեփական կարեւորության գիտակցումից փքված տեսքը։ Այդ կարեւորությունը նրան, ի դեպ, ներշնչել են հենց մեր կառավարական չինովնիկներն ու ընդդիմության որոշ հատվածի ներկայացուցիչները։ Կարելի է նույնիսկ հանդուրժող ժպիտով ներել նրա հարվածները սեղանին ու ագրեսիվ վիճաբանությունները ընդդիմախոսների հետ։ Բայց որ կարծես թե հեղինակավոր միջազգային կազմակերպության պատկառելի ներկայացուցիչը վազի ու բողոքի երկրի նախագահին նույն երկրի ընդդիմությունից եւ ծառայամիտ-շփոթված ժպիտով գանգատվի, թե իրեն չեն տալիս այն հարցերը, որոնց դյուրությամբ եւ հաճույքով կպատասխաներ, սա, տղաներ, արդեն նոր երեւույթ է, որի մասին արժե մտածել։
Սա նշանակում է, որ հայ հասարակության սեփական կամ կողքից հուշած կարծիքներն ու մոտեցումները կարող են միաջզգային իստեբլիշմենտի կարեկցական ուշադրությանն արժանանալ եւ վերաբերմունք առաջացնել միայն որոշակի, բավականին սահմանափակ շրջանակով թեմաների դեպքում. դրանց թվարկումն ու վերլուծությունը կարող են եւ պետք է լինեն առանձին ուսումնասիրության առարկա։ Բայց հենց որ անդրադառնում ես այն հարցերին, որոնց լուծումը կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել Հայաստանի քաղաքական կլիմայի, ինքնուրույն քաղաքացիական ինստիտուտների ամրապնդման վրա, հանգեցնել իրական բարեփոխումների, իշխանության որակի բարելավմանը եւ այլն, անմիջապես երկու ձեռքով հետ են հրում, խփում սեղանին, վազում՝ իշխանություններին բողոքելու։
Այդ պատճառով էլ ժամանակին այդպես սառը վերաբերվեցին մեր՝ ընտրություններից հետո ընտրության եկածների ցուցակները հրապարակելու փաստարկված պահանջին, այդ պատճառով լռության են մատնում մեր պահանջը երկրի վերահսկողական ինստիտուտներում ընդդիմադիր ուժերի դերի բարձրացման մասին, այդ պատճառով էլ հիմա կատաղեցին մեծամասնական ընտրակարգի վերացման՝ լրիվ հիմնավորված եւ հասունացած պահանջից։
Նրանք մեզ չեն հասկանում։ Իսկ թե ինչու չեն հասկանում, ժամանակին բացատրել է Էփթոն Սինկլերը։
Վ.ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ