Հայ լեզուի եւ մշակոյթի միութիւն ու միասնականութիւն – Սարգիս Զէյթլեան

Հայ լեզուի եւ մշակոյթի միութեան ու միասնականութեան ճամբուն վրայ հիմնական կարեւորութիւն ունի աւանդական ուղղագրութեան վերականգնումը եւ բովանդակ հայ ժողովուրդը , իր բոլոր խաւերով ու հատուածներով , աւելի քան յիսուն տարիէ ի վեր կը սպասէ , որ հայրենի իշխանութիւնները անդրադառնան գործուած աղիտալի սխալին եւ օր առաջ սրբագրեն 1922-ին , զուտտ կուսակցական եւ ՀԱՅՕՐԷՆ ՄԵՐԺԵԼԻ դիտումներով , ստեղծուած ու գործադրուող եւ Աբեղեանական ՅՈՐՋՈՐՋՈՒՄԸ կրող ՍԽԱԼԱԳՐՈՒԹԻՒՆԸ :

….Այս իրողութեան առընթեր , կարծես չէր բաւեր , որ երկու հայերէն ունէինք,_ արեւմտահայերէն եւ արեւելահայերէն : Չէր բաւեր , որ ունէինք երկու գրականութիւն,_ արեւելահայ եւ արեւմտահայ : Հայաստանեան ուղղագրական գրութեան հաստատումով , ունեցած եղանք նաեւ երկու ուղղագրութիւն,_ հայաստանեան եւ աւանդական :

ԱՅՍ ԵՐԿՈՒՈՒԹԻՒՆԸ ԴԷՄ Է ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՇԱՀԵՐՈՒՆ : Դէ՛մ է մէկ ու միասնական հայութեան ստեղծման : Դէ՛մ է մանաւանդ մէկ ու միասնական հայ մշակոյթի բնականոն զարգացման , հետեւաբար նաեւ հայ հոգիի միութեան կենսական սկզբունքին :
Լեզուական միութիւնը , որուն անբաժան մէկ երեսը կը կազմեն ուղղագրութեան միութիւնն ու միօրինակութիւնը , վէմը կը կազմէ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ : Առանց լեզուական միութեան , ուշ կամ կանուխ , կը խախտի նաեւ ազգային միութիւնը իր հիմին մէջ : Ազգերու կեանքին մէջ այս է կանոնը բնական :

Արդ , ինչո՞ւ մոռացութեան տալ բնական կանոնը եւ յամառիլ կեանքի մէջ կիրարկել արուեստական կանոնը : Ինչո՞ւ մանաւանդ այս օրինակը գայ մեզ հայրենիքէն : Բոլո՛ր ժողովուրդներու կեանքին ու պատմութեան մէջ , հայրենիքը միութեան , միաձուլման ազդակ է եւ ոչ թէ հակառակը : Ինչո՞ւ Հայաստանը ազդակ դառնայ երկփեղկման ու տարանջատման , մանաւանդ լեզուական ու մշակութային ճակատին վրայ :

Սարգիս Զէյթլեան , Դրօշակ , 1970 , թիւ 47:sarkis zeytlian

Comments

comments