ՆԱԶԷԻ ՕՐՕՐԸ – Աւետիս Ահարոնեան

 

ՆԱԶԷԻ ՕՐՕՐԸ

Կոյր կռունկները սուգ ու շիւանով,
Մեր սեւ երկինքով եկան անց կացան,
Ա՜խ, մեր լեռներում վրայ կուրացան,
Դու լաց մի՛ լինիր, ես շատ եմ լացել։

Հողմն է հեծեծում սեւ անտառներում,
Անտէր մեռելի սուգն է ան, բա՛լիկ,
Անտէր ու անթաղ մեռելները շատ,
Դու լաց մի՛ լինիր, ես շատ եմ լացել։

Կարաւանն անցաւ, բարձած արցունքով,
Սեւ անապատում ծունկ չոքեց, մնաց,
Այն մեր աշխարհի դարդ ու զուլումն է,
Դու լաց մի՛ լինիր, ես շատ եմ լացել։

Յուլունք եմ շարել, կապել օրօցքիդ,
Չար աչքերի դէմ, մեր չար դուշմանի,
Քնի՛ր ու աճիր շո՛ւտ արա, բա՛լիկ,
Դու լաց մի՛ լինիր, ես շատ եմ լացել։

Դալուկ շրթունքիդ իմ կաթը սառեց,
Գիտեմ, այն դառն է, չես ուզում, բա՛լիկ,
Ա՜խ, վշտիս թոյնն է քամուել նրա մէջ,
Դու լաց մի՛ լինիր, ես շատ եմ լացել։

Կաթիս հետ մէկտեղ սեւ վիշտը ծծիր,
Հոգուդ մէջ թող նա սեւ վրէժ դառնայ,
Ծլիր, բո՛յ քաշիր, բոյիդ ես ղուրբան,
Դու լաց մի՛ լինիր, ես շատ եմ լացել։

Աւետիս Ահարոնեան

Comments

comments