Արևն արդեն մոտեցել էր մայրամուտին,
Հրետանու ձայնը լսվում էր հեռվում,
Ու միայն վերքերը վիրավոր հողի,
Հուշում էին, որ դեռ պատերազմ էր գնում:
Խրամատի մեջ մի պատանի զինվոր,
Կարոտով նամակ էր գրում,
Նա հիշում էր տունը հայրենի,
Ծվարած հայոց լեռներում:
Մի լացիր իմ մայրիկ,
Սպասիր ինձ և ես կգամ,
Ես քեզ շատ եմ սիրում,
Կարոտել եմ իմ մայրիկ:
Ես հիշում եմ խոսքերը քո,
Սիրել հողը մեր հայրենի,
Ես հիշում եմ արցունքները քո,
Երբ պատմում էիր ջարդերի մասին:
Ես հիշում եմ տունը մեր,
Մեր բակի բարդին ծերացած,
Ես հիշում եմ խոխոջն առվակի,
Ուր մանկական խաղերս անցան:
Ու լսվեց հրաման, մի որոտ դղրդաց,
Ծանր արկերի տակ հողը տնքաց,
Ձեռքին հրացան, նամակը ծոցում պահած,
Տղան առաջ նետվեց ատամները սեղմած:
Պետք էր անցնել ընդհամենը հարյուր,
Լոկ հարյուր քայլ հայրենի հողի,
Բայց ինչքան կարճ են քայլերը խաղաղ
Եվ ինչքան երկար դաշտում այս կռվի:
Ու հանկարծ կարծես լռեց ամեն ինչ,
Տղան հնձված հասկի պես ընկավ,
Ձեռքերում սեղմած նամակը ծակված,
Հայացքը ուղղած կապույտ երկնքին:
Նա նայում էր կապույտ երկնքին,
Ու հիշում էր տունը հայրենի,
Ու բակի բարդին ծերացած,
Որի տակ մայրը կսպասի նամակին:
Արևն արդեն մոտեցել էր մայրամուտին,
Հրետանու ձայնը լսվում էր հեռվում,
Ու միայն մահամերձ ընկած հայորդին,
Հայոց լեռների երգն էր երգում:
Թռչեի մտքով տուն,
Ուր իմ մայրն էր արթուն…
Արմեն Մովսիսյան