Ծնած է Գիւլիստան, 1952 Յունուար 2-ին: Նախնական ուսումը ստացած ծննդավայրին մէջ, ապա հետեւած է տնտեսագիտութեան բարձր ուսման : 1973-ին վերադառնալով Գիւլիստան` պահածոյի գործարանի պատասխանատուի պաշտօնը ստանձնած է:
Անդամ էր Հ.Յ.Դաշնակցութեան: Իբրեւ Շահումեանի շրջանի ներկայացուցիչ մասնակցած է ր Հ.Յ.Դ. 25-րդ ընդհանուր ժողովին:
Նահատակուած է 17 Ապրիլ 1993-ին, երբ վիրաւորներ փոխադրող հայկական քաղաքային ուղղաթիռ մը ազերիներու կողմէ վար կ’առնուի:
Շահէն Մեղրեան. Հերոս՝ Չարժանացած Պաշտօնական Տիտղոսի
Արցախեան ազատամարտի հերոս, Մարտակերտի ջոկատների ընդհանուր հրամանատար, ԼՂՀ Գերագոյն խորհրդի պատգամաւոր Շահէն Մեղրեանը, ում ծննդեան 61ամեակը լրանում է Յունուարի երկուքին, այդպէս ել մնաց չգնահատուած Հայաստանի հանրապետութեան կողմից: Եթէ չհաշուենք 1993թ. Յունիսի 15ին ՀՀ ՊՆ թիւ 314 հրամանով ՀՀ ՊՆ կողմից ստեղծուած եւ Շահէն Մեղրեանի հրամանատարութեան տակ կռուող զօրամասի անուանակոչումը «Շահէն Մեղրեանի անուան յատուկ նշանակութեան ջոկատ», ապա Հայաստանը որեւէ ձեւով չի գնահատել թերեւս ՀՀ Ազգային հերոսի տիտղոսի արժանի ազատամարտիկ-հրամանատարին: Ուղիղ մէկ տարի առաջ այս հարցին անդրադարձել էր մեր գործընկեր, «Առաւօտ» օրաթերթի թղթակից Ռուզան Մինասեանը, սակայն «Շահէն Մեղրեանին այս անգամ էլ չյիշեցին» վերտառութեամբ այս յօդաւածը պատկան մարմինների կողմից անարձագանգ մնաց:
Կարծում ենք, հարցը չի կորցրել իր հրատապութիւնը, եւ նպատակայարմար ենք համարում ընթերցողներին կրկին անգամ ներկայացնելու Ռուզան Մինասեանի յօդուածը: Յուսով ենք, որ գոնէ այս անգամ այն ուշադրութեան կ՛արժանանայ ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան եւ ՀՀ բարձրաստիճան ղեկավարութեան կողմից:
Յունուարի 2ին Շահէն Մեղրեանը կը դառնար 60 տարեկան: Նրա կեանքն ընդհատուեց 41 տարեկանում: 1993թ. Ապրիլի 17ին նա զոհուեց ռազմական ուղղաթիռով Շահումեանից Հայաստան գալիս ինքնապաշտպանական գործողութիւններ կազմակերպելու նպատակով: Զոհուեց հերոս պարտիզանների հետ, որոնց կողքին համերաշխօրէն հանգչում է Եռաբլուր-Պանթէոնում:
Քաղաքական գործչի, նախկին պատգամաւորի, ինքնապաշտպանական ջոկատների ակտիւ կազմակերպչի 60ամեակը չյիշեցին ոչ պաշտպանութեան նախարարութիւնը, ոչ նրա հարազատ կուսակցութիւնը, որին անդամագրուել էր 1990թ.ից:
Այդ օրերին հեռուստատեսային պրոպագանդան (քարոզչութիւնը-Խմբ.) ակտիւ (աշխոյժ-Խմբ.) էր յատկապէս տարատեսակ փոքրամասնութիւններին ջատագովելու համար եւ խուլուհամր՝ իրական հերոսի, իրական հերոսապատման նկատմամբ: Մինչդեռ, ժամանակն էր ոչ միայն յիշելու, այլ հերոսի մահով զոհուած հայդուկապետին 60ամեակի առթիւ յետմահու Ազգային հերոսի կոչում շնորհելու 20 տարի յետոյ: Շահումեանի շրջանն այսօր էլ դիտւում է Շահէնի եւ այնտեղից բռնագաղթուած 20 հազար շահումեանցիների հայրենիք, սակայն ցաւալի է, որ չկան հայրենիքի տէրերը, չկայ հայրենիքի զաւակը, համընդհանուր մոռացում է: Մինչդեռ, շնորհիւ Շահէն Մեղրեանի՝ մենք ունենք Մարտակերտի ազատագրուած տարածքի մի մաս եւ Քելբաջարի շրջան: Շատերն այսօր մոռացել են, թէ ինչպէս սկսուեց Շահէնի մուտքը ազատագրական պայքար: Խօսքը 1990թ. Յունուարի 7ին Մարտունաշենում ազերիների կողմից դանակահարուած ագարակի պահակի մասին է: Յունուարի 9ին յուղարկաւորմանը մասնակցելու համար Շահումեանից 19 մարդ ճանապարհւում է Մարտունաշեն: Խանլարի ոստիկանութիւնը՝ տեղի զինուորականների օժանդակութեամբ, ձերբակալում է շրջանի ղեկավարութեանը՝ Վլադիմիր Աղաջանեանին, Շահէն Մեղրեանին եւ շրջանի դատախազ Գենադի Ստեփանեանին: Բարձրաստիճան ռուս սպաներին թուրքերը կաշառել էին, եւ ռուսների խոստումը, թէ հայերին վնաս չեն տայ եւ թոյլ կը տան մասնակցել հանգուցեալի յուղարկաւորմանը՝ փուչ եղաւ: Ազերիները մինչ կը խուզարկէին հայ պատանդներին, Շահէնը իր մօտ գտնուող ատրճանակը հանում ու տալիս է ռուս հրամանատարին՝ «էս էլ ինձնից քեզ նուէր» ասելով:
Մէկ ամիս պահելուց յետոյ ազատ են արձակւում Շահէնը, Շահումեանի ժողվերահսկողութեան նախագահ Արժան Ծատուրեանը եւ Էրքեջի նախագահ Ասքանազ Յովհաննիսեանը: Ի դէպ, պատմում էին, որ նրանց ազատագրման համար կարեւոր դեր են խաղացել Գետաշէնի ջոկատի մարտիկները, որոնք գերել էին Սարիսու գիւղի նախագահի որդուն: Մնացեալին ազատելու համար, ըստ պատմական վաւերագրութեան, Էրքեջում հայերը կալանել էին ազերիների աւտոբուսը՝ 18 ուղեւորով ու փոխանակել գերեալների հետ: Շահէնին ձերբակալելուց յետոյ չէին փոխանակի, եթէ ճանաչէին: Ըստ պատմաբան Աշոտ Պետրոսեանի՝ «Զինաւոր դայու (Շահէնի հօր) ծանօթներն են Շահէնին ազատել, չիմանալով, թէ ում են ազատում: Նրանց իմացած Զինաւորի որդին եւ Շահէն Մեղրեանը՝ որպէս շրջանի առաջնորդ, բարեբախտաբար, իրենց պատկերացման մէջ չէր նոյնացուել, այլապէս՝ Շահէնին այդքան հեշտ բաց չէին թողնի կամ ընդհանրապէս բաց չէին թողնի: Իբրեւ Շահումեանի ղեկավար նրանք ճանաչում էին Աղաջանեան Վոլոդեային, որն այդ ժամանակ իբրեւ քաղաքական դէմք այլեւս որեւէ ազդեցութիւն չունէր. շրջանի փաստական առաջնորդը Շահէնն էր: Այդ ամէնը թուրքերը չգիտէին»: Ի դէպ, Վոլոդեա Աղաջանեանին ամենավերջինն են ազատել:
Շրջանի ղեկավարութեանը պատանդ վերցնելը Շահումեանի շրջանը ընկճելու, ոգին թուլացնելու, ժողովրդին թեւաթափ անելու առաջին քայլն էր:
Շահէնն իր երեխաներին՝ Լիլիթին ու Լուսինէին Արտատափից ուղարկած վերջին նամակում գրել էր. «Հայրիկը շատ լաւ է զգում իրեն, միայն թէ շատ է կարօտում ձեզ: Շուտով կը սկսենք աշխատել Հայրենիքի ազատագրութեան ուղղութեամբ: Հիմա գործում ենք Մարտակերտի շրջանում: Լուսինէ, Լիլիթ ջան, մամային լսէք, օգնեցէք Զինաւորին, ապային ու այային մի մոռացէք: Շուտով կը հանդիպենք»: Նրա ընտանիքը մինչ բռնագաղթը մնաց Շահումեանում՝ կրելով պատերազմի բոլոր դժուարութիւնները:
Շահէնը հայրենիք բառը մեծատառով էր գրում: Եւ դա ինքնանպատակ չէր: Պատահական չէր: Որովհետեւ հայրենիքը նրա համար երբեւէ չդարձաւ շահութաբեր հիմնարկ, արտօնագիր. հայրենիքը նրա համար սրբութիւն էր: