Շուշիի առանձնակի գումարտակ

Շուշիի առանձնակի գումարտակը ստեղծվել է 1 Նոյեմբեր 1992 թվականին Գետաշեն- Շահումյանի կռիվների բովով անցած դաշնակցական ջոկատների հենքի վրա:

«Պատերազմն այնպիսի փուլ թեւակոխեց, երբ անհրաժեշտ էր պայքարը շարունակել կանոնավոր բանակային միավորումով: Մենք մեր ջոկատներն ունեինք ամենուր, սակայն արդեն սխալ էր առանձնացված կռվելը: Մեր մարտիկները, չտարանջատվելով, մտան բանակային համակարգի մեջ` կազմելով Շուշիի առանձնակի գումարտակը, քանի որ առանձին կուսակցության պատերազմ չէր սա, այլ` պետության, ուրեմն հարկ էր կազմակերպված պայքար մղել»- ներկայացնում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ազատամարտիկների հանձնախմբի ներկայացուցիչ Իգոր Սարգսյանը, ով 1991 թվից մասնակցել է մարտական գործողությունների Կրկժանում, Լեսնոյում, Լաչինում, Ասկերանում, եղել է Ֆիզուլու ճակատում, Մարտակերտում, Մարտունիում ու Հադրութում, ազատագրել է Շուշին եւ այդպես` մինչեւ 1994 թվականի հրադադարը:

Անպարտելի գումարտակը:

Շուշիի առանձնակի գումարտակում կռվել է շուրջ 700 ազատամարտիկ:
Գումարտակի հերոսներից են Դուշման Վարդանը, Բեկոր Աշոտը (Աշոտ Ղուլյան), Կարոտ Մկրտչյանը, Հրաչ Գասպարյանը (Ագնեվոյ), Բուժականցի Մուրադը, Արթուր Ղարիբյանը…:

Շուշիի առանձնակի գումարտակը մեծ համբավ է ունեցել տարածաշրջանում իր անպարտելիությամբ ու մարտունակությամբ: Սա այն գումարտակն է, որը 94-ին Ֆիզուլու ճակատում կատաղի մարտեր մղելով` մի սանտիմետր անգամ չի նահանջել` անսասան պահելով դիրքերն ու ադրբեջանցիներին ստիպելով դադարեցնել հուժկու գրոհը:

Այս գումարտակն է, որ հաղթել է Ղարաբաղում իրենց դեմ կռվող չեչենների ջոկատներին, նրանց թվում` Խատաբին ու Շամիլ Բասաեւնին: Այդ նրա՛նց մասին է վերջինս վիրավոր վիճակում ասել, թե կցանկանար` իր զինվորները այդպե՛ս կռվեին:

Եվ, միեւնույն ժամանակ, ա՛յդ ընթացքում Ռուսաստանի պաշտպանության նախարար Գրաչովը հայտարարել է, թե` եթե ինքը Շուշիի առանձնակի գումարտակի նման երկու գումարտակ ունենար, շատ կարճ ժամկետում կգրավեր Չեչնիան:

Պատերազմի տարիներին միայն կռվելով չէին զբաղված գումարտակի զինվորները: Նրանք նաեւ սատարում էին Ադրբեջանից Շուշիում ապաստանած փախստականներին, օգնում բնակչությանը` ամոքելու պատերազմի վերքերը, ոտքի կանգնելու: Տարածում էին հեղափոխական, հայրենասիրական երգեր: Գումարտակի մարտիկները 15 տարեկան պատանուց մինչեւ ծերունիներ էին:

Ազատամարտիկները պատմում են, որ գումարտակը մի ամբողջական ընտանիք էր, իսկ կռվի հիմքում ընկած էր ոչ թե ատելությունը, այլ սերն ու նվիրումը հայրենիքին, ընկերությանը, Դաշնակցությանը:

Արթիկի տարածքի Գետափ գյուղից Լեւոն Գեւորգյանը նշում է.
«Երբ կռվում էինք, առաջնահերթ մտածում էինք մեր ընկերոջը պատերազմի դաշտում չկորցնելու մասին. նախ նա՛ չզոհվի, հետո նոր հոգում էինք սեփական կյանքը փրկելու մասին»:

Ինչպես ցանկացած` իրոք կյանքը վտանգի ենթարկած ու կռված մարդ, գումարտակի ազատամարտիկները անսահման համեստորեն են խոսում սեփական սխրանքների մասին ու հպարտությամբ ներկայացնում են ընկերների հերոսությունները մարտի դաշտում:

Երեւանցի Ռուդոլֆ Հովակիմյանի խոսքերով` երբ իրենք մայիսի 9-ին հաղթանակած իջնում էին Շուշիից` Ստեփանակերտից ծաղիկներ էին գցում իրենց վրա:

«Այդ պահին ես հիշեցի հին ֆիլմերը Հայրենական պատերազմի մասին, երբ հաղթանակած սովետական բանակին ցնծությամբ էին դիմավորում:
Դեպի Շուշի գրոհը մայիսի 8-ին էր: 7-ի գիշերը սկսեցինք` տարբեր ուղղություններով: Ես անձամբ Շոշ գյուղի կողմից` Դուշման Վարդանի հրամանատարությամբ, ժայռերի վրայով բարձրացա Շուշի ու դրանից հետո ամեն տարի այստեղ եմ գալիս ընկերներիս հետ. ո՞նց չգամ»- ասում է Ռ. Հովակիմյանը, ում ընկերները «Չայ» մականունն են տվել թեյ շատ խմելու պատճառով, եւ ով, բացի Շուշիից, մասնակցել է Լեսնոյի, Կրկժանի մարտերին` 91-ից սկսած, երբ Ղարաբաղ է եկել հերոսներ Ժիրոյի, Վարդանի, Արթուրի հետ:

Ոչ պակաս հետաքրքիր կերպար է սասունցիների ժառանգ` երեւանցի Ցոլակը: Նա չի կարողացել հաշտվել ոչ մեր օգտին հրադադարի հետ ու ծանր վիրավորվելով` անգամ Արցախյան պատերազմի հրադադարից հետո կռվել է Վրաստանում, Չեչնիայում:

Գումարտակի մեկ այլ զինվոր` Պարսկաստանից եկած Հարմիկ Հովսեփյանը, կռվի ընթացքում առաջին անգամ թշնամու ուղղաթիռ կործանողն է եղել: Ասում են` նա դիրքերում հասակով մեկ քայլում էր խրամատների կողքով ու հետեւում, որ հանկարծ որեւէ մեկը գլուխը խրամատից վեր չբարձրացնի, իսկ իր մասին, որ ամբողջ մարմնով թշնամու թիրախ է, չէր էլ մտածում:

Շիրակի մարզի Մանթաշ գյուղից Գարեգին Թորոսյանը, ով նույնպես առաջին իսկ օրերից մասնակցել է Ղարաբաղյան շարժմանը, Շուշիի, նաեւ ողջ Արցախի ազատագրմանը, ստացել կառավարական պարգեւներ, հպարտությամբ ասում է. «Ուրախ եմ, որ մեր սերնդին բախտ է վիճակվել մասնակցելու մեր հողերի ազատագրմանը: Երջանիկ եմ, որ այսօր Շուշիում եմ. 1994-ից հետո չէի եկել Շուշի: Հպարտանում եմ ընկերներովս, բոլորին ցանկանում եմ առողջություն, հաջողություն: Փառք մեր ընկած ընկերներին: Ցանկանում եմ` Շուշին ավելի գեղեցկանա, իսկ ժողովուրդը առանց պատերազմի շարունակի կյանքը»:

Գարեգինի ընկերը` սարատակցի Արթուր Թորոսյանը, նույնպես միանում է մաղթանքներին. «Ուրախ եմ, որ իմ սուրբ հողի վրա եմ` բոլորի հետ, կարող ենք միմիայն հպարտանալ Արցախով, ուրախություն ու խաղաղություն եմ մաղթում այս հողին»:

Գումարտակի մարտիկներին միմյանց կապող շատ բարձր արժեքներ կան: Նրանք բոլորը շատ տարբեր են իրարից, սակայն նման ` իրենց անսահման հայրենասիրությամբ ու նվիրվածությամբ, անցած ճանապարհով, պարզապես պարկեշտ մարդ լինելով:

Արցախում նրանց անցած ուղին փոքր-ինչ իմանալով` համոզվում ես, որ գումարտակի զինվորներից յուրաքանչյուրը հերոս է, իր սխրանքներով` կենդանի լեգենդ, ում հետ նույն ժամանակաշրջանում ապրելու պատիվն ունենք մենք, եւ նրա՛նց նմաններն են երկրի իսկական տերերը:

Արցախ աշխարհի ամեն մի քարն ու թուփը ծանոթ է այս մարդկանց: Ամենուր հուշեր են, հույզեր, ծանր, միաժամանակ հաճելի զգացողություններ, միմյանց միախառնված կարոտ, հպարտություն, կորուստ ու ձեռքբերում…

Արդար զինվոր էր Բեկոր Աշոտը: Այսպես են հիշում նրան ընկերները` պատմելով, թե ինչպես է նա գրոհի ժամանակ առաջինը մտել Շուշի եւ վիրավոր գրավել Շուշիի բերդը: Այդ ընթացքում զինվորների մի մասը Ժիրայր Սեֆիլյանի հրամանատարությամբ պահել է Շուշիից դուրս եկող ճանապարհը: Բերդի գրավման լուրը խանդավառել է մյուս ազատամարտիկներին, եւ նրանք ոգեւորված շարունակել են պայքարը` առանց կասկածելու, որ հաղթելու են:

Եվ այնքան դառնությամբ են մարտական ընկերները հիշում, որ պատերազմի բովով անցած, թշնամու միլիոնավոր գնդակներից չընկած Աշոտը (Բեկոր` «Ասկոլկա» մականունը նա ստացել էր մարմնում բազմաթիվ բեկորներ ունենալու պատճառով) զոհվեց յուրայինի` թիկունքին ուղղված գնդակից…

«Արցախցի եմ, հայ եմ: Արել եմ այն, ինչ բոլոր այն հայերը, ովքեր բախտ են ունեցել մասնակցելու այս պատերազմին: Ես այդ երջանիկներից մեկն եմ, այս մարդիկ էլ իմ մարտական ընկերներն են:
Առաջին օրվանից պայքարի մեջ եմ, ծնվել եմ Ստեփանակերտում, այս տղաների հետ մասնակցել եմ Շուշիի գրավմանը»- ուրախությամբ ասում է Ժ. Գալստյանը` հպարտանալով, որ ինքն այստեղ է եկել իր մարտական ընկերներին տեսակցելու համար եւ անսահման սիրում է նրանց:

Փառապանծ աշխարհ է Ղարաբաղը, շատ հերոսներ է տվել հայրենիքին: Պատմում են, որ այստեղ 13 տարեկան երեխան անգամ, իր հասակի չափ ավտոմատն ուսին, կռվի էր գնում: Մարդիկ բոլորը պատվախնդիր են Արցախում, նվիրված ընտանիքին, հավատքին, ընկերներին ու հայրենիքին:

«Այսօրվանից մենք մեր զավակներին սովորեցնում ենք, որ չի կարելի սահմանափակվել մեր տներով կամ փոքրիկ հողամասերով, հայրենիքն ամբողջական հասկացություն է: Իմ երկրի պատերազմն է սա, իսկ իմ երկրի պաշտպանությունը սկսվում է նրա սահմաններից. այս պահին դա Ղարաբաղն է: Նրանք պիտի գիտակցեն օրվա խորհուրդը, հասկանան, որ մեր գործը դեռ ավարտված չէ: Եկել ենք հավաստիանալու, որ մեր մարտական ընկերները մարտունակ վիճակում են, ու նույն ոգին կփոխանցվի մեր սերունդներին»- միանշանակ է ազատամարտիկների դիրքորոշումը:

Շուշիի գրավման օրերին ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի նախաձեռնությամբ Հայաստանի բոլոր մարզերից գումարտակի շուրջ 130 ազատամարտիկներ այցելեցին Ղարաբաղ, իրենց հարգանքի տուրքը մատուցեցին զոհված ընկերների հիշատակին, ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին Շուշի մտած առաջին տանկի վրա, այցելեցին Ստեփանակերտի եղբայրական գերեզմանատուն, եղան Արցախի ազգային հերոս Աշոտ Ղուլյանի` Բեկոր Աշոտի հուշարձանի մոտ եւ նրա անվան դպրոցում, խնջույքի սեղանի շուրջ անհամար հիշողություններ պատմեցին պատերազմի, արդեն հավիտյան միմյանց կապող ընկերության ու երազանքների մասին:




Comments

comments

One Reply to “Շուշիի առանձնակի գումարտակ”

  1. ես առանձնակի գումարտակի անդամ եմ մասնակցել եմ ՀՀ սահմանամերձ բնակավայրերի ինքնապաշպանական մարտերին։ 1990-ից մինչև 1992թ. օգոստոսը ՀՅԴ ջոկատների վաշտի կազմում մասնակցել եմ Շահումյանի, Մարտակերտի, Ասկերանի շրջանների ինքնապաշանական մարտերին, Շուշիի ու Լաչինի շրջանի ազատագրման և հակառակորդի կրակակետերի ոչնչացման ռազմագործություններին։

Comments are closed.