Ֆրանսիայի Սենատում րոպեներ առաջ ընդունվեց Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը։
Ավելի քան 5 ժամ տեւած բուռն քննարկումներից հետո սենատորները նախ ճնշող մեծամասնությամբ՝ 179-86 հարաբերակցությամբ, դեմ արտահայտվեցին Իրավական հարցերի հանձնաժողովի մտահոգություններին, ըստ որոնց, օրինագծի որոշ դրույթներ Սահմանադրության հետ հակասություններ ունեն։
Քննարկման մասնակիցները միաձայն փաստում էին Ցեղասպանության անհերքելի իրողությունը եւ նշում, որ ժխտողականությունը մեծապես խոցում է զոհերի հիշատակը, որ նման ոճիրները հետագայում կանխելու համար պետք է առերեսվել պատմությանը։ Նրանք նաեւ նշում էին, որ այս օրենքի ընդունումն ուղղված չէ Թուրքիայի եւ նրա ժողովրդի դեմ, ավելին, հույս հայտնեցին, որ կգա ժամանակ, երբ թուրք ժողովուրդը կհասկանա իրենց ներկայիս դիրքորոշումը։
Օրինագծին դեմ արտահայտվողների հիմնական մտահոգությունը Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումն էր, այդ առումով օրինագծի վտանգավորությունը եւ հարցը պատմաբանների ուսումնասիրությանը թողնելու փաստարկը։
Խորհրդարանականներն օրինագծում նաեւ խմբագրական որոշ փոփոխություններ քննարկեցին, որից հետո անցան քվեարկությանը։
Ձայների 107-86 հարաբերակցությամբ օրինագիծն ընդունվեց։